Հունական Կոս կղզում գտել են ներգաղթյալ երեխայի՝ ծայրաստիճան քայքայված մարմին: Առափնյա պաշտպանության ներկայացուցչի խոսքով՝ երեխան, ըստ ամենայնի՝ 6-12 ամսական տղան, ափ է նետվել հյուրանոցներից մեկի մոտ: Այս մասին գրում է BBC-ն:
Առափնյա պաշտպանության ներկայացուցիչները չեն հայտնել, թե ինչ ազգության է եղել կանաչ տաբատով և սպիտակ մարզաշապիկով երեխան:
Կոսն այն վայրն է, որտեղ Էգեյան ծովով ձգտում են հայտնվել տասնյակ հազարավոր ներգաղթյալներ և փախստականներ, որպեսզի իրենց ուղին շարունակեն դեպի Եվրոպայի խորքեր:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ սոցցանցերում հայտնվեց խեղդամահ եղած 3-ամյա սիրիացի երեխայի՝ Ալան Քուրդիի լուսանկարները, որի մարմինը հայտնվել էր թուրքական Բոդրումի ափին: Նրա մահը համաշխարհային հանրության ուշադրությունը գրավեց ներգաղթյալ ընտանիքների ճակատագրի նկատմամբ:










































