Հոկտեմբերի 2-ը Ո՛չ բռնությանը միջազգային օրն է՝ հայտնում է unmultimedia.org-ը: Այն նշվում է Մահաթմա Գանդիի՝ Հնդկաստանի անկախության համար շարժման առաջնորդի և բռնության չկիրառման փիլիսոփայության ու ռազմավարության հիմնադրի ծննդյան օրը:
Ինչպես ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում՝ Գանդին իր օրինակով ապացուցել է, որ խաղաղ ցույցերն օգնում են հասնել շատ ավելիի, քան ռազմական ագրեսիան: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները, որն ընդունվել է 1948 թ.՝ Գանդիի մահվան տարում, շատ բաներով արտացոլում են նրա համոզմունքները:
Պան Գի Մունը հայտարարել է, որ այսօր, երբ աշխարհում կրոնական հողի վրա բռնությունն աճում է և անիմաստ ոչնչացվում են մշակութային հուշարձաններ, ճիշտ ժամանակն է հիշելու Գանդիի այս արտահայտությունը՝ «Ակն ընդ ական, և ողջ աշխարհը կկուրանա»: