Սիրիայի իշխանություններն ու զինված ընդդիմության ներկայացուցիչները պատրաստ են հրադադարի մասին փաստաթուղթ ստորագրել Պրահայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությանը։
Քաղաքական գործիչը նշել է, որ հնարավոր հրադադարի վերաբերյալ բանակցությունները Ժնևում կտևեն ևս մի քանի ամիս, իսկ եզրափակիչ հռչակագիրը հակամարտող կողմերի ցանկությամբ կստորագրվի Պրահայում։
«Այդ փաստաթուղթն արդեն սկսում են նրանք (սիրիացիները) անվանել «Պրահայի հռչակագիր»»,- հայտարարել է Զեմանը։
Նա ընդգծել է, որ պայմանագրի ստորագրման հնարավորություն կտրամադրվի այն դեպքում, եթե ներկայացված լինեն ժողովրդավարական ընդդիմադիր ուժերը, ոչ թե արմատական խմբավորումները։











































