Թե ինչը ստիպեց Սերժ Սարգսյանին հավաքել իրավապահններին և հանձնարարել նոր թափ հաղորդել Մարտի 1-ի գործերի քննությանը` դեռևս պարզ չէ, սակայն քննարկվում է երկու հավանական տարբերակ` ընդդիմության վերջին հանրահավաքին բարձրացրած երեք պահանջներից մեկի կատարում, կամ էլ անձնական խնդիրների պարզաբանում Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքերով, այս կամ այն չափով այդ տարբերակներն առկա են, սակայն միայն դրանցով չի սահմանափակվում այդ որոշումը, և գործուն ազդեցություն է ունեցել նաև համաշխարհային ուժերի շահերի առկայությունը Հայաստանում:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Մանուչարյանը նշեց, որ Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը կարևոր է, սակայն հետաքննությունը պետք է ոչ միայն նպատակ հետապնդի պարզել, թե մի քանի մարդասպան զինվորիկներ, անկախ նրանից` գեներալ են, թե շարքային, հանցագործ աշխարհի շարքային ներկայացուցիչ, թե բանդայի պարագլուխ, ում են կրակել, այլ անհրաժեշտ է պարզաբանել, թե ո՞ւր մեկնեց Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի իրադարձություններից առաջ, ինչո՞ւ էին եվրոպական կառույցները և համաշխարհային ուժային կենտրոնները «ամեն ինչ լավ է, չնայած կան թերություններ» ձևակերպումներով արձագանքում Հայաստանի ընտրություններին. «Պետք է պարզել, թե ով ինչ է ստացել այդ Մարտի 1-ից և ինչպես են ըմբոշխնել այնտեղ թափված արյունը»:
Մանուչարյանը նկատեց, որ, անկասկած, նման բոլոր որոշումների վրա ազդեցություն է գործում Հայաստանում ժողովրդի շարժումը, և անկախ նրանից, թե որ կենտրոնն ինչ որոշում է ընդունում, վերջին գործոնը մեծ դեր է խաղում, և դրա ուժեղացումը կարևոր է: