ԴԱԻՇ-ը Իրաքի հյուսիսում փորձառու գրոհայիններին փոխարինում է անչափահաս երեխաներով, որոնք ուղարկվել են Իրաքի զորքերի դեմ առավել թեժ մարտերի գոտիներ: Այս մասին հայտնում է իրաքյան «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ «հյուսիսային Քիրքուք նահանգում Հավիջա քաղաքի շրջանի հսկիչ-անցակետում և ԴԱԻՇ-ի կառուցած դիրքերում մարտական հերթապահության են ուղարկվում զինված երեխաներ՝ ԴԱԻՇ-ի «Խալիֆայության կորյուններ» հատուկ ջոկատից:
Ականատեսները հայտնում են, որ նշված տարածք ԴԱԻՇ-ն 100-ից ավելի դեռահասի է ուղարկել իսլամիստների գրաված շրջանների պահպանության հետ կապված «հատուկ առաջադրանքների կատարման» համար: «Կորյուններին» քրդական ջոկատների հետ շփման գոտի տեղափոխելու գլխավոր պատճառը ԴԱԻՇ-ի առավել փորձառու գրոհայիններին Իրաքի այլ շրջաններ տեղափոխելն է, որտեղ իսլամիստ արմատականները լուրջ կորուստներ են կրում Իրաքի բանակի հետ բախումներում:









































