Կոստա Ռիկայի իշխանությունները հետաքննություն են սկսել մի խումբ անպատասխանատու զբոսաշրջիկների ու տեղացիների նկատմամբ, ովքեր վերացման վտանգի տակ գտնվող ծովային կրիաներին թույլ չեն տվել դուրս գալ ցամաք ու ձվադրել։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հարյուրավոր հետաքրքրասեր զբոսաշրջիկներ, նաև որոշ տեղացիներ «գրոհել» են Ostional Wildlife Refuge ծովափնյա արգելոցը, որտեղ կրիաները ցամաք էին դուրս եկել ձվադրելու։
«Սելֆիամոլ» մարդիկ, տեսնելով օվկիանոսից դեպի ցամաք շարժվող կրիաների մեծ խմբին՝ կանգնել են նրանց ճանապարհին ու սկսել ինքնամոռաց «սելֆիներ» անել։ Ոմանք երեխաներին նստեցրել են կրիաների պատյանին ու լուսանկարել նրանց` թույլ չտալով կենդանիներին առաջ շարժվել ու ձվադրել։ Մարդիկ կրիաներին վախեցրել են տեսախցիկների չդադարող լուսարձակումներով, անընդհատ կենդանիներին դիպչելով, ինչի պատճառով կրիաներից շատերն օվկիանոս են վերադարձել առանց ձվադրելու:
Նշվում է, որ Ostional Wildlife Refuge արգելոցը կրիաների ձվադրման՝ աշխարհի ամենակարևոր վայրերից է:
Ներկայումս իշխանությունները փորձում են պարզել, թե մարդիկ ինչպես են կարողացել կրիաների համար նման կարևոր ժամանակահատվածում ներթափանցել ափամերձ հատված:












































