Միգրացիոն ճգնաժամում ներգրավված է ընդհանուր առմամբ 12 մլն մարդ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրախորհրդարանում միգրացիոն ճգնաժամի հարցով լսումներին ելույթ ունենալով՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք խոսում ենք 40 հազարի մասին, մենք խոսում ենք 120 հազարի մասին: Եթե դրան գումարենք Սիրիայի հարևան երկրներում փախստականներին, նաև տեղափոխված անձանց, կարծում եմ՝ կստանանք ընդհանուր առմամբ մոտ 12 մլն»,- ասել է նա:
Երկուշաբթի ԵՄ երկրների ՆԳՆ ղեկավարները Բրյուսելում արտահերթ հանդիպման ժամանակ պայմանավորվածության են հասել 2 տարվա ընթացքում Իտալիա և Հունաստան ժամանած 40 հազար փախստականներից 34 հազարին իրենց երկրներում տեղաբաշխելու սկզբունքի շուրջ:
Նախարարներին չի հաջողվել պայմանավորվել պարտադիր քվոտաներով ևս 120 հազարին ընդունելու հարցում, ինչը պնդում է Եվրահանձնաժողովը: Այժմ վերջնական որոշում պետք է կայացնի ԵՄ ներքին հարցերով խորհուրդը՝ հոկտեմբերի 8-ին, Լյուքսեմբուրգում:







































