Խոշորագույն իսպանական El Pais թերթը հրապարակել է «Գերմանիան ընդդեմ Եվրոպայի» սյունակը, որի հեղինակը կանցլեր Անգելա Մերկելին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ՝ հաղորդում է Agence France-Presse-ը: Հոդվածը հրապարակվել է Անդալուսիայի շրջանային թողարկման մեջ՝ մարտի 24-ին: Այս մասին հաղորդվել է պարբերականի կայքում:
Սյունակագիրը նշել է, որ Մերկելը, ինչպես Հիտլերը, պատերազմ է հայտարարել Եվրոպային՝ պահպանելու համար Գերմանիայի տնտեսական տարածքը: Նրա կարծիքով՝ Մերկելը պաշտպանում է Գերմանիայի բանկերի ու խոշոր ընկերությունների շահերը Եվրոպայի մյուս երկրների տնտեսությունների ու գերմանացիների բարեկեցության հաշվին:
Հոդվածը Եվրոպայում մեծ բողոք է առաջացրել և անմիջապես հեռացվել է կայքից: Պարբերականը ներողություն է խնդրել՝ այդ հոդվածի հրապարակումը համարելով սխալ:









































