Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայից ներողություն խնդրելու և նրա հետ հարաբերութունները նորմալացնելու իր որոշումը բացատրել է Սիրիայում խորացող ճգնաժամով և այնտեղից բխող սպառնալիքին արձագանքելու համար դաշնակից ունենալու անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում էRIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Նեթանյահուն թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ներողություն էր խնդրել 2010-ին մարդասիրական բեռներով Գազա ուղևորվող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իրականացված «ռեյդի» համար, որի հետևանքով Թուրքիայի 9 քաղաքացի էր զոհվել:
«Այն, որ Սիրիայում ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է, դարձել է վճռորոշ նկատառում՝ որոշման ընդունման համար… Կարևոր է, որ Սիրիայի հետ սահման ունեցող Թուրքիան ու Իսրայելն ունենան համագործակցելու հնարավորություն, ինպես նաև միասին գործեն մեր տարածաշրջանում այլ սպառնալիքների դեմ»,- գրել է Նեթանյահուն իր ֆեյսբուքյան էջում:
Նա բացատրել է, որ Իսրայելն առավել մտահոգված է հյուսիսային սահմանի մոտ ջիհադիստական խմբավորումների հայտնվելու փաստով, և ահաբեկիչների ձեռքում քիմիական զինանոցների հայտնվելու հնարավորությամբ:









































