Մարտի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Հունաստանում համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-հայտնում են, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված են հունահայ համայնքային կառույցների և Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Այն իրականացնելու է իր աշխատանքը` համագործակցելով Հայաստանի և Հունաստանի համապատասխան պետական ու հասարակական կառույցների հետ: Հանձնաժողովը սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և Սփյուռքի համանման կառույցների հետ:
Նիստի ընթացքում քննարկվել են նորաստեղծ մարմնի առջև կանգնած հիմնական խնդիրներն ու նպատակները, առաջիկա քայլերը և հնարավոր միջոցառումների շրջանակը: Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել կազմակերպչական հարցերի շուրջ, հանդես են եկել աշխատանքների համակարգման վերաբերյալ առաջարկներով և մեկնաբանություններով:









































