Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվել են Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին ՀՅԴ-ի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ինչպես «Pastinfo.am»-ին հայտնել է, ԿԸՀ-ի անդամ Սիլվա Մարկոսյանը, ՀՅԴ-ն ընտրական ցուցակում ընդգրկված է 65 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, փոխներկայացուցիչներ` ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը։
Այսպիսով` այս պահի դրությամբ ԿԸՀ-ն ստացել է 6 հայտ: Մինչ այդ առաջադրվել էին ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Առաքելության»-ը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով` կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով: Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մարտի 11-ից մինչև մարտի 21-ի ժամը 18-ը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար ընտրական գրավի սահմանված չափը 3 մլն դրամ է:











































