Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը կարծում է, որ Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղյալ հայտարարումը կարող է սկսվել 2016 թվականի գարնանը։
Թեհրանում գտնվող Համոնդը հայտարարել է. «Պատժամիջոցների վերացումը կարող է սկսվել հաջորդ գարնանը։ Մինչև պատժամիջոցների վերացումն անհրաժեշտ է իրականացնել նախապատրաստական աշխատանք, որպեսզի սահմանափակիչ միջոցների չեղյալ հայտարարումից հետո հնարավոր լինի սկսել երկրում ներդրումներ անել»։
Համոնդը ենթադրել է, որ ԱՄՆ Կոնգրեսն ու Իրանը կարող են մինչև հոկտեմբերի կեսն ընկած ժամկետում հավանության արժանացնել հուլիսի 14-ին Վիեննայում ձեռք բերված միջուկային գործարքը։ Խոսելով սիրիական հակամարտության մասին՝ Համոնդը հայտարարել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունները թևակոխել են նոր փուլ։ Համոնդն ընդգծել է այդ հարցում Իրանի ու Ռուսաստանի աճող մասնակցությունը։








































