Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը մեկնաբանել է Հայաստանում գտնվող բրիտանացի խորհրդարանական Քերոլայն Քոքսի` Լեռնային Ղարաբաղ այցելելու ցանկությունը.
«Առանց Ադրբեջանի «թույլտվության» Լեռնային Ղարաբաղ այցելող յուրաքանչյուր օտարազգի հայտնվում է մեր «սև ցուցակի» մեջ: Սակայն Ադրբեջանի արտգործնախարարությունն իր առաջադրանքը չի համարում այդ անձանց «սև ցուցակում» ներառելը:
Նա նաև իրականացնում է պրոֆիլակտիկ աշխատանքներ: Մենք օտարերկրացիներին զգուշացնում ենք, որ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի տարածքն» է և «անթույլատրելի» է առանց պաշտոնական Բաքվի թույլտվության այցելություններ կատարել այդ գոտի»:
Նշվում է, որ սա հանդիսանալու է Քոքսի 71-րդ այցելությունը Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանը «սև ցուցակում» ընդգրկեց մի խումբ կիպրացի թուրքերի, որոնք միջազգային համաժողովի շրջանակում այցելել էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ։








































