Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դարձել է հակաքադաֆիական կոալիցիայի անդամ երկրների նախագահներից առաջինը, որը ընդունել է Լիբիայի ապստամբների ղեկավար, ընդդիմադիր Ազգային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլին: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Բենղազիում ստեղծված կառավարությունն առաջինը ճանաչելուց հետո Ֆրանսիան այսօր նաև պաշտոնապես ընդունեց նրա ղեկավարին: Տեղեկություններ են հաղորդվել, որ Աբդ Ալ-Ջալիլը փորձելու է համոզել Ֆրանսիայի նախագահին ինտենսիվացնել օդային հարվածները, ինչպես նաև Սարկոզիին է տրամադրելու այն մարդկանց ցուցակը, ովքեր Մուամար Քադաֆիին հեռացնելուց հետո բարձր պաշտոններ են զբաղեցնելու Լիբիայի գործադիր մարմնում:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից` Լիբիայի ապստամբներին օգնելու համար զինվորական մասնագետներ ուղարկելու մասին տեղեկություններ հայտնվելուց հետո այդ մասին հայտարարել է նաև Ֆրանսիան: Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Ֆրանսուա Բարուան հայտարարել է, որ զինվորականներն աշխատելու են ընդդիմության ներկայացուցիչների հետ` ապահովելու համար խաղաղ բնակչության անվտանգությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք նաև, որ Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլը նախօրեին գտնվում էր Իտալիայում, որտեղ հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինիին:









































