Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ «Բազե-2015»-ի միջոցառումների ժամանակ, անդրադառանալով «Նաիրիտ» գործարանի վերագործարկման խնդրին, հայտարարել էր, որ հաշվի առնելով ներկայիս տեխնիկական վիճակը՝ դրա վերագործարկումը անիմաստ և անարդյունավետ է։ Չնայած նա անարդյունավետության մասին էր խոսել, դրան զուգընթաց փորձել էր ներկայացնել, թե գործարանի ճակատագրով մտահոգված է, ասելով, որ գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ են 350 մլն դոլարի ներդրումներ, ինչը գործնականում նշանակում է նոր գործարանի հիմնում, իսկ կառավարությունը դրա հնարավորությունը չունի, սակայն պատրաստ է սառեցնել գործարանի պարտքերն ու ծախսերը, եթե ներդրող հայտնվի:
Գործարանի վերագործարկման անարդյունավետության մասին վարչապետի հայտարարությունները վիրավորել են գործարանի նախկին աշխատակիցներին: Նրանց կարծիքով՝ գործարանի անարդյունավետության մասին խոսելը մեծագույն անբարոյականություն է, և միայն դավաճանների կառավարությունը կգնա «Նաիրիտ»-ի լուծարման որոշմանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներ՝ առաջատար ինժեներ Կարինե Շահվերդյանը, քիմիկոս Անահիտ Մանուկյանը և գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը ընգծեցին, որ «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար պարզապես քաղաքական կամք է պետք , ինչը ակներև է՝ չկա. «Ուզում ենք հիշեցնել իրենց, թե ինչքան անիմաստ ու անարդյունավետ է եղել իրենց կառավարման ընթացքը էս երկրի համար, այ իրանք որ հեռանան, կգան, արդյունավետ կկառավարեն, «Նաիրիտ»-ի իմաստն ու արդյունավետությունը կպատկերացնեն և ներդրողին կներկայացնեն»,- շեշտեցին նրանք:
Գործարանի նախկին աշխատակիցները հիշեցրին, որ ոչ վաղ անցյալում Երվանդ Զախարյանն ասում էր, որ լուծարելն ավելի թանկ կլինի, քանի վերագործարկելը, փաստորեն վարչապետ-նախարար իրենց ասածները չեն համաձայնեցնում. «Բացի դրանից՝ համաշխարհային բանկի կողմից պատվիրված երկու այլ աուդիտ էլ է եղել, և խոսել են վերագործարկման հնարավորությունների մասին, միայն վերջին պատվիրված աուդիտից են խոսում, այնինչ մեր մասնագետները բազմիցս ասել են, որ «Նաիրիտ»-ը հնարավոր է վերագործարկել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































