Երբ 2001 թ. դարձանք Եվրախորհրդի անդամ, սկսեց գործել արխիվների մատչելիության մասին Եվրախորհրդի ընդունած բանաձևը, և Եվրախորհրդի անդամ ցանկացած երկրի քաղաքացու համար մեր արխիվները բաց են: Այնպես էլ մեզ համար բաց են Եվրախորհրդի երկրների արխիվները, այդ թվում՝ նաև Թուրքիայի արխիվները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«2001 թվականից ղեկավարում եմ Հայաստանի արխիվային ծառայությունը և առ այսօր բարձրաձայնում եմ, որ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող բոլոր փաստաթղթերը բաց են ցանկացած ուսումնասիրողի համար: Այդ թվում՝ նաև թուրքերի համար: Իսկ Բոստոնում գտնվող արխիվը մասնավոր է և պատկանում է Հայ յեղափոխական դաշնակցությանը, և իրենք են որոշում՝ ովքեր կարող են այնտեղից օգտվել, ովքեր՝ոչ: Երբ տարին մեկ անգամ ես հանդիպում եմ Թուրքիայի իմ գործընկերոջ հետ, նա վստահեցնում է, որ ցանացած պահի կարող ենք գնալ և ուսումնասիրել իրենց արխիվը: Իհարկե, ես քմծիծաղ եմ տալիս»,- նշեց Ամատունի Վիրաբյանը: Իսկ քմծիծաղի պատճառը թուրքերի առաջ քաշած սահմանափակումներն են:
«Բացի այդ, պատճառներից մեկն էլ այն է, որ մենք չունենք օսմաներենի մասնագետներ, որովհետև Թուրքիայի պետական լեզուն մինչև 1920 թ. օսմաներենն է եղել: Այսօր Հայաստանում Գուլարյանն է մասնագետ, որն արդեն տարիքով է: Երիտասարդների մեջ էլ մարդ չկա:
Իսկ Թուրքիայից երկու պատմաբան են ուսումնասիրել հայկական արխիվները, մեկը՝ Էլմարը, որը ազգությամբ հայ է: Հարկ է նկատել, որ նա 2005 թ. Հայաստանի Վերնիսաժից պատմական գրքեր էր գնել ու դրա համար Թուրքիայում 3 ամսով բանտարկվել էր, ազատվելուց հետո այժմ բնակվում է ԱՄՆ-ում:
Իսկ վերջին ժամանակներս հայկական արխիվները ուսումնասիրում է Ջանդան Բադեմը, որը ծնունդով Արդահանից է և ուսումնասիրություններ է իրականացնում 1780 թ.Կարսի սոցիալական վիճակի մասին»,- եզրափակեց ազգային արխիվի տնօրենը:









































