Ավստրալիայի դատարանը 14 տարվա ազատազրկման է դատապարտել Թայիթիի ինքնակոչ արքայազնին՝ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի առողջապահության նախարարության բյուջեից ավելի քան 16.6 մլն դոլար հափշտակելու համար: Գումարը նա օգտագործել է պերճանքի առարկաներ գնելու համար՝ հաղորդում է New Zealand Herald թերթը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խարդախության համար դատապարտված Հոհեպա Մորեհու-Բարլոուն, որը հայտնի է որպես Ջոել Բարլոու, առողջապահության ոլորտում է աշխատել 2005 թվականից:
3 տարի անց նա ստեղծել է Filling the Gap բարեգործական կազմակերպությունը, որտեղ մինչև 2011թ. փոխանցում էր գողացված միջոցները: Ընդ որում՝ նա փաստաթղթեր ստորագրելիս օգտագործում էր HRH (His Royal Highness) հապավումը՝ «Նորին մեծություն»:
Ինքնակոչ արքայազնը ձերբակալվել էր 2011թ. վերջին՝ այն բանից հետո, երբ կեղծել է Քվինսլենդ նահանգի համալսարանին իբր 11 մլն դոլար փոխանցելու հաշիվը:
Նրա գործընկերներից մեկը հետաքրքրվել էր օպերացիայով ու շնորհիվ համացանցի՝ փաստել, որ գումարն իրականում ուղղվել է Մորեհու-Բարլոուին պատկանող ընկերություն:
Դատախազ Թոդ Ֆուլերի խոսքով՝ նորզելանդացին կալանավորման պահին արդեն հասցրել է ծախսել ավելի քան 12 մլն դոլար, որոնք պետությունը հատկացրել էր բարեգործական կազմակերպություններին ու այլ հասարակական կազմակերպությունների:
Ոստիկանությունն առգրավել է խաբեբայի հարյուրավոր թանկարժեք գնումները: Գողացված միջոցների հաշվին խարդախը ձեռք էր բերել նաև 5 մլն դոլար արժողությամբ առանձնատուն:









































