«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի գործի՝ ներքին ատյաններում դրական հանգուցալուծմամբ շահագրգռված է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Վերջինս Խուդյանի հարցով դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմ, որից հետո Խուդյանի փաստաբանին հրավիրել են աշխատակազմի իրավաբանական վարչություն:
Ջոն Հեֆերնը կարևորել է վեճի ներպետական լուծումը, որպեսզի միջազգային հանրությանը որպես գեթ 1 օրինակ հնարավոր լինի ներկայացնել, որ ներդրողի շահերը ՀՀ-ում կարելի է պաշտպանել իրավական դաշտում:
Նշենք, որ անցած տարի հոկտեմբերին Խուդյանը նամակ էր հղել ԱՄՆ դեսպանին՝ տեղեկացնելով խնդրի մասին:
Հիշեցնենք նաև, որ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի գործով երեկ կալանավորվել է Վլադիսլավ Մանգասարյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին պատկանող հազարավոր քմ տարածքները ընկերության տնօրեն Է.Եսայանի և շինարար Վլադիսլավ Մանգասարյանի կողմից 2010թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին օտարվել են, և գումարները, ըստ Է.Խուդյանի, գրպանվել են: Ավելին՝ չեն վճարվել նաև օտարումներից առաջացած ահռելի հարկերը:









































