ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Հարի Ռոբինսոնը մարտի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է Contact.az-ը, նա հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ լիազորությունները և առաքելությունը սահմանափակելու պաշտոնական Բաքվի ծրագրերի մասին:
«Մենք ստացել ենք Ադրբեջանի կառավարության խնդրանքը՝ Բաքվում ԵԱՀԿ մանդատը փոխելու մասին»,- ասել է նա` նշելով, որ Բաքվի գրասենյակի ներկայիս մանդատը թարմացվել է 2013թ. սկզբին, որի խնդիրն էր ԵԱՀԿ շրջանակներում նպաստել սկզբունքների և պարտավորվածությունների կիրառման բոլոր ուղղությունները՝ ներառյալ քաղաքական, տնտեսական, մարդկային, էկոլոգիական, ինչպես նաև կայունության և անվտանգության հարցերը:
Ապա Ռոբինսոնը նշել է, որ Բաքվում առաքելությունը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի ժողովրդավարական կառույցների զարգացման գործում:
Քաղաքականության և մարդու իրավունքների հարցերով զեկույցները նախազգուշացման կարևոր մեխանիզմներ են: ԱՄՆ-ը կարծում է, որ նման զեկույցները կենսական կարևորություն ունեն Ադրբեջանի կայունության, անվտանգության, պետության ստանձնած պարտականությունների կատարման համար:
«Մենք ենթադրում ենք, որ Ադրբեջանի կառավարության շահերից է բխում պահպանել ավելի վաղ համաձայնեցված մանդատի ներկայիս լիազորությունները»,- նշել է Ռոբինսոնը:
Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը, և երկրի իշխանությունները նման ուղերձով չեն դիմել ԵԱՀԿ-ին: Սակայն դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ` Բաքուն ցանկանում է ԵԱՀԿ առաքելության կարգավիճակն իջեցնել մինչև նախագծերի համակարգողի մակարդակի:
Ամենակարևոր փոփոխությունը հետևյալն է. նախագծերի ապագա համակարգողը բոլոր նախագծերը պետք է համաձայնեցնի Ադրբեջանի իշխանությունների հետ և դրանք իրագործի միայն պաշտոնական Բաքվի համաձայնությամբ:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, կարելի է ենթադրել, որ իշխանությունները ցանկանում են սահմանափակել առաքելության լիազորությունները: Առաջին հերթին այդ սահմանափակումները վերաբերվում են ինքնուրույն միջոցառումներ անցկացնելուն, մարդու իրավունքների ոտնահարմանը, ընտրությունների հետ կապված իրադարձություններին արձագանքելու ԵԱՀԿ առաքելության հնարավորությանը: Դա վկայում է նաև այն մասին, որ տեղի իշխանությունները չեն ցանկանում թույլ տալ, որ ԵԱՀԿ-ն համագործակցի տեղի ոչ առևտրային կազմակերպությունների հետ:










































