Էլեկտրոնիկայի ճապոնական արտադրող Panasonic ընկերությունը կարող է վաճառել իր ստորաբաժանումը, որը զբաղվում է բժշկական սարքավորումների թողարկմամբ:
Այդ բիզնեսը ճապոնական ընկերությանը կայուն շահույթ է բերել՝ շուկայում իրացնելով տարբեր տեսակի արտադրանքներ՝ արյան մեջ շաքարի պարունակությունը չափող թեստերներ, հիվանդանոցային սարքավորումներ և այլն: Panasonic-ը ստիպված է հրաժարվել այդ բիզնեսից օպտիմալացման մասշտաբային ծրագրի շրջանակներում՝ վկայում են շուկայի աղբյուրները: Ստորաբաժանման վաճառքը ընկերությանը կբերի 1.05 միլիարդ դոլար եկամուտ:
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը չի հերքել նման գործարքի հնարավորությունը՝ հաղորդելով, որ Panasonic-ը քննարկում է մի շարք հնարավորություններ: Kyodo News գործակալության փոխանցմամբ՝ ընկերությունը կփորձի բիզնեսը վաճառել մեկ գնորդի, թեև բացառված չէ նաև այն մաս-մաս վաճառելու հնարավորությունը:
2012-ի ֆինանսական տարում Panasonic-ն ունեցել է 772 մլրդ իենի կորուստ: Ըստ կանխատեսումների՝ 2013-ը ընկերությանը կզրկի ևս 765 մլրդ իենից:
Կորուստները ծածկելու համար ընկերությունը վաճառում է ոչ միայն արտադրական ակտիվները, այլև անշարժ գույք: Այսպես՝ փետրվարին 100 մլն դոլարով վաճառվեցին Տոկիոյի կենտրոնի երկու գրասենյակային շինություններ: Ընդհանուր առմամբ ծրագիրը Panasonic-ին կբերի 130 մլրդ իեն եկամուտ:









































