«Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հարցազրույց է տվել TyC Sport հեռուստաալիքին: Ֆուտբոլիստը նշել է, որ կատալոնական ակումբը զգում է գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի կարիքը, ով, հիշեցնենք, բուժման կուրս է անցնում ԱՄՆ-ում:
«Ժամանակակից ֆուտբոլում անգնահատելի է գլխավոր մարզչի դերը: Իհարկե, Տիտոյի բացակայությունը զգացվում է: Մենք հարգում ենք Խորդի Ռոուրային, նա ջանք չի խնայում թիմի հաջող ելույթների համար: Այնուամենայնիվ, մեր գլխավոր մարզիչը Վիլանովան է, և նրա հիվանդությունը ծանր հարված էր բոլորիս համար»,- հայտնել է Մեսսին, ով նաև նշել է, որ «Բարսելոնա»-ին հասցեագրված քննադատությունը իրեն չի հուզում:
«Հիշում եմ` Գվարդիոլան ասաց, որ երբ մի թիմ անընդմեջ հաղթում է, հանդիսատեսը հոգնում է նրա հաջողություններից և սկսում է երկրպագել հակառակորդ թիմերին: Երբեք չեմ մտածել, թե ինչու են մեզ քննադատում: Ինձ դա չի հետաքրքրում»,- նշել է Մեսսին:









































