Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն BBC-ին տված հարցազրույցի ժամանակ վստահություն է հայտնել, որ Վրաստանն անպայման վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը.
«Դա ժամանակատար գործընթաց է, դրա համար կպահանջվի 10-12 տարի: Գլխավորն այն է, որ Վրաստանը շարունակում է մնալ որպես անկախ երկիր: Ես հաճախ եմ քննադատում ներկայիս ղեկավարությանը, սակայն նրանք դեռևս «խելք չեն հավաքել»:
Անձամբ ես իմ ղեկավարման ժամանակահատվածում գրեթե սխալներ չեմ գործել: Ես ղեկավարման մեծ փորձ ունեմ: Ես հետագա սերունդներին վատ հիշողություններ չեմ թողնի իմ մասին: Ես ոչ մի վատ բան չեմ գործել: Ես կամավոր եմ հրաժարական տվել: Դա իմ արժանիքն է»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Շևարդնաձեն «խելք» էր սովորեցնում վրացական ընդդիմությանը. «Ես հավատում եմ, որ ընդդիմությունը երբևէ «խելք կհավաքի», կվերածվի լուրջ ուժի և մոռացության կմատնի իր ներսում ծագած փոքր կոնֆլիկտները»: