ՄԱԿ-ում դիտորդ-պետության պաշտոնական կարգավիճակ ձեռք բերելուց հետո Պաղեստինն իրավունք ունի մշտական անդամություն ստանալ ցանկացած միջազգային կազմակերպությունում՝ հայտնել է երկրի նախագահ Մահմուդ Աբասը Russia Today-ի արաբական՝ «Ռուսիա Ալ-Յաում» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում:
Աբասի խոսքով՝ երկրի կառավարությունում քաղաքական և պետական բարեփոխման բոլոր կետերով ձեռք է բերվել պայմանավորվածություն:
«Այդ աշխատանքի հիմնական կետը կլինի իմ նախագահությամբ անցումային կառավարության ստեղծումը: Այսինքն՝ ձեռք է բերվել փոխզիջում, երբ Սալյամ Ֆայադի կառավարությունը հեռանում է, ինչին ձգտում էր ՀԱՄԱՍ-ը, իսկ նրա կառավարությունը կգլխավորեմ ես, ինչին ՀԱՄԱՍ-ը նույնպես համաձայն է»,- նշել է նախագահը:
Աբասը նշել է, որ այդ գործընթացի հաջորդ կետը համընդհանուր ընտրությունների անցկացումն է: Սրանք բարեփոխման երկու հիմնական հարցերն են, և դրանք կիրականացվեն զուգահեռաբար՝ ասել է նա:









































