Boeing ավիաշինական կոնցեռնը հայտնաբերել է 80 հնարավոր պատճառ, որոնց հետևանքով 787 Dreamliner («Երազանքի օդանավ») ինքնաթիռներում առաջացել էր մարտկոցի գերտաքացում և այրում: Այս մասին հայտարարել է Dreamliner-ի գլխավոր ինժեներ Մայք Սինետը՝ հայտնում է Agence France-Presse-ը: Նա նշել է, որ մարտկոցներում խոտանի հիմնական պատճառը պարզել այդպես էլ չի հաջովել, թեև պատճառի որոնմամբ զբաղվել է 500 ինժեներներից և վերլուծաբաններից կազմված թիմը:
Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Սինետը, Dreamliner-ները «բացարձակ անվտանգ» են: Boeing-ի ներկայացուցիչը հավելել է, որ Dreamliner-ը ամենաանվտանգ օդանավերից է, որոնք երբևէ արտադրվել են կոնցեռնի կողմից:
Boeing Commercial Airplanes-ի նախագահ Ռեյ Քոնորը հայտարարել է, որ Dreamliner-ի թռիչքների վերսկսումը շաբաթների հարց է:
Dreamliner-ների թռիչքները դադարեցվել էին հունվարի կեսերին, նախ՝ Ճապոնիայում, ապա նաև՝ ԱՄՆ-ում ու Եվրոպայում:











































