ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԿԳ նախարարությունում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագրի նախագիծը. այն կդրվի հանրային քննարկման: Նշենք, որ նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան իրենց դիտարկումները և առաջարկությունները ներկայացնել մինչև ապրիլի 15-ը:
«Ծրագիրը կկիրառվի կրթության ոլորտի բոլոր մակարդակներում: Նախատեսվում է կատարելագործել օրենսդրական դաշտը՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով, ինչպես նաև ապահովել հանրային իրազեկվածությունն ու մասնակցությունը:
«Մենք պետք է պայքարենք գյուղական յուրաքանչյուր դպրոցի գոյության համար, կարևոր ենք համարում ուսումնարանների, գյուղական դպրոցների արդիականացումը»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ 9-րդ դասարանից հետո այն աշակերտները, ովքեր չեն ուզում գնալ ավագ դպրոց, պետք է որևէ արհեստ ընտրեն. «Այսինքն՝ ժողովրդական լեզվով ասած` երեխան պետք է ինչ-որ մի արհեստի տեր լինի՝ վարսավիր կամ խոհարար»:
Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ կրթական ոլորտն արդեն պատրաստ է ավագ դպրոցներում էլ անցնել կրեդիտային համակարգի: Նա հավելեց, որ այն երեխաները, որոնք 9-ամյա կրթությունը ստանալուց հետո չեն ցանականա կամ նրանց բալերը չեն բավարարի ավագ դպրոցում սովորելու համար, հնարավորություն կունենան իրենց ուսումը շարունակելու միջին մասնագիտական կրթական ոլորտում, ի դեպ՝ չի բացառվում, որ կսովորեն անվճար:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































