«Իշխանությունը դա պարտականություն է, պատասխանատվություն է, ոչ թե պաշտոն է կամ պորտֆել»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սմբատ Այվազյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իշխանության և ընդդիմության բանակցությունները, ինչի՞ շուրջ կարող են համաձայնության գալ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մինչև իշխանությունն այս մասին չհասկանա, երկրի դրությունը չի փոխվի: Իրենք բանակցությունները պաշտոնով են հասկանում, ուրիշ բան չեն պատկերացնում: Բայց, կարծում եմ, բանակցությունների անցնելուց հետո անպայման կձևավորվի օրակարգ: Ընդհանրապես օրակարգ կա՝ դա կեղծված ընտրություններն են»,-նշել է նա:
Սմբատ Այվազյանն ասել է նաև, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները պարտավոր են վայր դնել մանդատները: «Ով իրեն ընդդիմադիր է համարում, պետք է առանց երկար-բարակ մտածելու՝ վայր դնի մանդատը: Իրենք Աժ-ում անելիք չունեն: Ընդդիմությունը որևէ հարց խորհրդարանում լուծել չի կարողացել, ոչ էլ հիմա է կարողանում: Դա կլինի հստակ քաղաքական ճգնաժամ»,- ասել է նա:









































