65 տարեկանում մահացել է բրիտանական Yes ռոք խմբի համահիմնադիր, կիթառահար Փիթեր Բենքսը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Բենքսի պաշտոնական կայքում հայտնված մահախոսականում ասվում է, որ երաժիշտը մահացել է Լոնդոնի իր տանը դեռևս մարտի 7-ին, սակայն նրա դին հայտնաբերվել է միայն այն բանից հետո, երբ նա ձայնագրման համար ստուդիա չի ներկայացել:
Կիթառահար Փիթեր Բենքսը 1968 թվականին դարձել է Yes խմբի հիմնադիրներից մեկը: Նրա մասնակցությամբ են ձայնագրվել խմբի առաջին երկու ալբոմները՝ «Yes» -ը (1969) և «Time And a Word» -ը (1970): Նա խումբը լքել է 1970 թվականին, իսկ մեկ տարի անց ստեղծել է Flash խումբը, որի հետ թողարկել է երեք հաջող ալբոմ:
1973-ին Բենքսը հիմնել է նոր խումբ՝ Empire անվանումով, որը նույնպես երեք ալբոմ է թողարկել: Նույն թվականին Բենքսը ձայնագրել է իր առաջին սոլո ձայնասկավառակը: Նրա ևս 4 սոլո աբոմները թողարկվել են 1994-1999 թվականներին:










































