Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսի պահին նրան մոտեցավ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ով ասուլիսից հետո զրուցեց հացադուլի մեջ գտնվող Հովհաննիսյանի հետ:
Ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանն, անդրադառնալով ԱԺ պատգամավորական մանդատները վայր դնելու առաջարկին, ասաց, թե «Ժառանգությունը» վայր կդնի մանդատները, եթե մյուս ընդդիմադիրները նույնպես վայր դնեն:
«Առաջին լրատվականը» հարց ուղղեց Վահան Հովհաննիսյանին, թե ՀՅԴ-ն պատրա՞ստ է վայր դնել ԱԺ մանդատները, ինչին վերջինս պատասխանեց. «Դաշնակցությունը միշտ պատրաստ է, բայց ամեն մի քայլ որ անում ես, պիտի իմաստ ունենա: Եթե դուք ինձ կարողանաք բացատրել դրա իմաստը…»: Մեր դիտարկմանը, թե այսինքն, իր կարծիքով, իմաստ չկա՞, դաշնակցականը պատասխանեց. «Չէ, կարող ա լինի, ցանկացած պահի դա կարող է լինի, բայց էս պահին ես չեմ հասկանում ինչի մասին է ընդհանրապես խոսքը»:
Ի պատասխան այն հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելու որոշումը ընդունելի՞ է իր համար, Վ. Հովհաննիսյանն ասաց. «Ես համարում եմ, որ հացադուլը ծայրահեղություն է: Անկախ ամեն ինչից՝ պարոն Հովհաննիսյանը վաստակել է հսկայական քանակությամբ ձայներ: Կարծում եմ, որ պայքարի բոլոր ձևերը չէր, որ սպառված էր: Ես դասեր տալու կամ խորհուրդներ տալու համար չէ, որ այստեղ եմ, այլ իմ զորակցությունը հայտնելու, բայց կցանկանայի զորակցությունը հայտնել ուրիշ դաշտերում, ոչ թե այստեղ»:
Երբ փորձեցինք հստակեցնել, թե ուրիշ ի՞նչ ճանապարհ է տեսնում, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Դրա մասին մեռել ենք ասելով»:









































