«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը։
– Վերապատվելի, օրեցօր հալեպահայության վիճակը բարդանում է։ Տեղեկություններ են հասնում, որ մարդիկ ջրհորներ են փորում՝ ջրի իսպառ բացակայության պատճառով։ Այս պահին ինչպիսի՞ իրավիճակ է։
– Այո, իրականում այդ վերջին հանգրվանի իրավիճակը՝ կյանքի և կենցաղային տագնապը, որ Հալեպի ժողովուրդն է ապրում, նմանը չի ունեցել վերջին 2-3-4 տարիների ընթացքում, որովհետև ոչ միայն անապահովության խնդիր կա, այլև կենցաղային սուր տագնապի հարց։ Քաղաքի ջուրը ամբողջությամբ կտրված է, էլեկտրականությունն էլ շաբաթներով ու ամսով գոյություն չունի, էլ չեմ ասում՝ ինտերնետի բացակայության մասին։ Այս իրավիճակը ծանրացած է քաղաքի ժողովրդի վրա, որոնք ցանկանում են առաջին հերթին լքել քաղաքն ու հեռանալ, սակայն եկեղեցին ու համայնքը փորձում են իրենցից կախված հնարավորն ու լավագույնն անել՝ ժողովրդի կենցաղային մակարդակը փոքր-ինչ բարձրացնելու և նրանց կարիքները հոգալու համար, ինչպիսին է ջրի մատակարարումը։ Փորձում ենք ջրի համար ջրհորներ փորել, և այդ ջրհորներից դուրս եկող ջուրը տարաներով տներն ենք ուղարկում ու լցնում տների անձնական պահուստները։ Նաև անձնական տակառներով են ջուրը վերցնում։ Էլեկտրականության համար անձնական, թաղային էլեկտրական գործիքներ ներդրվեցին. բացի սովորական էլեկտրականության արտադրությունից՝ մարդիկ, անհատներն ունեն ուժեղ էներգետիկ գեներատորներ։ Մենք փորձում ենք ժողովրդին նյութական օգնություն տրամադրել, որ առավելագույնը 3-4 ամպեր էլեկտրականություն կարողանան գնել իրենց թաղային հնարավորություններից և գոնե այս տաք եղանակին ունենան լույսի ու սառնարանի հնարավորություն։ Սա միջոց է՝ հոգալու ժողովրդի տարրական կարիքները։ Այն ժողովուրդը, որն ուզում է այստեղ մնալ, եկեղեցին պետք է հոգա նրանց տարրական կարիքները։ Այդ է, որ փորձում ենք անել։
– Քանի՞ հայ է մնացել Հալեպում, և արդյոք նրանց Հալեպից դուրս բերելու, Հայաստան տեղափոխելու հարցը որևէ լուծում չի՞ ստանում։
– Հայաստան տեղափոխվելու թեման այստեղ քննարկվում է, բայց պիտի ասեմ, որ ամեն անգամ, երբ որևէ ընտանիքի հարցնում ենք, թե արդյոք ցանկություն ունի՞ ընդհանրապես հեռանալու, տեսնում ենք, որ նրանք չեն հեռանում։ Ասում են, որ դեռ գործեր ունեն անելու, ուրեմն ընդհանրապես անպատրաստ մնացողներն են, որ Հայաստան գնալու ցանկություն են հայտնում։ Բայց իրականությունը և ժողովրդի մեջ շրջանառվող խոսակցությունը համարժեք չեն, շատ քչերն են հեռանում։ Այսինքն՝առավելագույնը շաբաթը մոտ 2-3 ընտանիք է հեռանում։
– Բայց կարծես այդտեղ մնալու հեռանկար էլ չկա։
– Սակայն մարդիկ, ի վերջո, իրենց տանն են։ Նրանք իրենց տներն են պահում, խանութներն են պահում, իրենց ունեցած կախվածությունները՝ դպրոց, եկեղեցի, ակումբ, իրենց դրական ազդեցությունն են ունենում, որ ժողովուրդը մնա։ Ավելին, շատերի համար կարևոր դեր ունի նաև Սիրիայի հանդեպ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու գործոնը։
– Պարոն Սելիմյան, Սուռուչի ահաբեկչությունից հետո Թուրքիան լայնածավալ հարձակում է սկսել ԻՊ դեմ: Դուք հավատո՞ւմ եք Թուրքիայի անկեղծ ջանքերին։
– Մենք Թուրքիայի որևէ խոստման հանդեպ վստահություն չունենք։ Նրանք օգնում ու հրահրում են ժողովրդի այն խավին, որը վերջում զինյալ ընդդիմության է վերածվելու ընդդեմ սիրիական հայրենիքի։ Այնպես որ՝ Թուրքիայի ցուցաբերած օգնությունները երբեք չեն եղել մարդասիրական, դրանք եղել են ու կան քաղաքական։ Թուրքիան այժմ միայն մտածում է ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով լուծում գտնելու մասին, որովհետև նա անելանելի կացության մեջ է հայտնվել և դատապարտվում է բոլոր կողմերից իր կատարած ահաբեկչական մեծ հարվածների համար։
– Այս պահին քանի՞ հայկական ընտանիք է մնացել Հալեպում։
– Ես կարծում եմ, որ դեռ մոտ 10 հազար հայ կա Հալեպում։
– Արդյոք Հայաստանը բավարար չափով աջակցություն ցուցաբերե՞ց, որպեսզի սիրիահայերը, այդ թվում՝ հալեպահայերը տեղափոխվեն Հայաստան։ Այս պահին Հայաստանն ի՞նչ կարող է անել այդ 10 հազար հայերի համար։
– Հայաստանը փորձում է լավագույնն անել, բայց իրականում Հայաստանի հնարավորությունները բավական սուղ են ու սահմանափակ։ Մենք մասնավոր մեծ ակնկալիքներ չունենք ՀՀ իշխանություններից, բայց որ Հայաստանը ընձեռում է հատուկ հնարավորություններ, ինչպիսիք են քաղաքացիությունը, արագ կարգով վիզաները, կարծում եմ՝ առայժմ բավարար են, որպեսզի ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող ընտանիքը մեկնի Հայաստան, թեկուզ ամռան ամիսներին հանգստանալու նպատակով։ Դրանից բացի՝ այլ մեծ ակնկալիքներ չունենք, որովհետև գաղտնիք չէ, որ Հայաստանը չի կարող անգամ իր քաղաքացիների կարիքները հոգալ իր ունեցած սեղմ հնարավորություններով։











































