Այսօրվանից սկսվում է Ավագ շաբաթը, որի յուրաքանչյուր օրվա համար անցկացվում է համապատասխան եկեղեցական ծիսակարգ: Սակայն քրիստոնեական ավանդույթներին զուգահեռ, տարիների ընթացքում ձևավորվել են նաև Ավագ շաբաթվա ժողովրդական ավանդույթներ, որոնցում Գրիգոր Լուսավորիչը միավորել է նաև նախաքրիստոնեական մի քանի ավանդական տոներ, այդ թվում` ջրաղացպանի և դարբնի տոները:
Նախաքրիստոնեական ժամանակաշրջանից է պահպանվել նաև տիկնիկներ գործելու ավանդույթը, որոնք ի սկզբանե խորհրդանշել են հեթանոս աստվածուհիներին: Ավագ շաբաթվա համար գործում են ավանդական «Ակլատիզ» և «Ուտիս տատ» տիկնիկները:
Ըստ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու` Ավագ շաբաթվա կարևորագույն ժողովրդական ավանդույթը Կենաց ծառը զարդարելն է, որի համար կարելի է օգտագործել նաև Ծաղկազարդի տոնին եկեղեցում օրհնված ուռենու ճյուղերը:
«Համաձայն ավանդության` բոլոր Ավագ օրերին մարդիկ գնացել են եկեղեցի, որտեղ ոչ միայն պատարագին են մասնակցել, այլև կազմակերպել են տոնական խաղեր»,- ասում է Լուսիկ Ագուլեցին:
Ըստ ժողովրդական ավանդության` Ավագ երկուշաբթի օրը անցկացվել է ջրաղացպանի տոնը: Այդ օրը կանայք պատրաստում են ալյուրը, ձուն և այլ մթերքները, որ պետք է օգտագործվեն Զատիկի սեղանը պատրաստելու համար:
Ավագ երեքշաբթին հիմարների և խելոքների օրն է: Այդ օրը եկեղեցում վիճակ է գցվել, որին մասնակցել են երեխաները:
Չորեքշաբթին կոչվել է «չիք օր»: Այդ օրը մարդիկ իրենց տներն ու բակերը մաքրել են, քանի որ հոգևոր մաքրության համար անհրաժեշտ է համարվել նաև մաքուր միջավայր ստեղծելը:
Ավագ հինգշաբթի օրը գաթա թխելու օրն է համարվել:
Ավագ ուրբաթը կոչվել է նաև Հուդայի օր, քանի որ այդ օրն է Հուդան մատնել Քրիստոսին: «Դա նաև դարբինների օրն է: Այդ օրը դարբինները անպայման մատանիներ և այլ զարդեր են պատրաստել և բոլոր աղջիկները փորձում էին այդ օրը անպայման նոր զարդ ձեռք բերել: Հուդայի օրը կանայք նաև անպայման սուր գործիքով`ասեղով, բահով, գործ են արել»,- պատմում է Ագուլեցին:
Ավագ շաբաթն ավարտվում է շաբաթ օրը` Ճրագալույցով:









































