Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն այսօր Ռուսաստանին մեղադրել է հուլիսի 10-ին Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) վարչական սահմանին սադրիչ գործողություններ ձեռնարկելու համար։
Սրանից առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի հաստատվել այն տեղեկատվությունը, թե սահմանի փոփոխություն է տեղի ունեցել ի վնաս Վրաստանի։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Վրաստանի ԱԳՆ-ն ու ՆԳՆ-ն, տուրք տալով ԶԼՄ-ների հրապարակումներին, տարածել էին սադրիչ հայտարարություն։
Վրաստանի ԱԳՆ-ն այժմ հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում նշված է. «Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Վրաստանի տարածքում Ռուսաստանի իրականացրած ապօրինի, սադրիչ քայլերը, որոնց նպատակը տեղական բնակչության իրավունքների նկատմամբ ոտնձգություն գործելն է, տեղում անվտանգության իրավիճակի լարումը և վստահության վերականգնման միջոցառումները խոչընդոտելը»։
Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել զինվորականներին դուրս բերել երկրի տարածքից՝ համաձայն 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի։









































