ԱՄՆ-ի և Աֆղանստանի իշխանությունների հերթական անգամ սրված հարաբերությունները չեն կարող ազդել Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմավարության վրա: Այս մասին երկուշաբթի տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին,- փոխանցում է RIA Novosti-ն:
Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը ավելի վաղ մեղադրել էր ԱՄՆ-ին և թալիբներին Կատարում առանձին բանակցությունների անցկացման համար: ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը կտրուկ հերքել էր այդ մեղադրանքներն ու հայտարարել, որ ԱՄՆ-ն թալիբների հետ չի վարում ոչ մի միակողմանի բանակցություն:
Քարնին բացատրել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավոր նպատակը եղել և մնում է «Ալ-Քաիդա»-ի դեմ պայքարը, այդ իսկ պատճառով արտաքին գործոնները դրա վրա ազդել չեն կարող:









































