ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, հարցին՝ արդյոք այդ ծայրահեղ միջոցը մի վերջին քա՞յլ էր, նկատեց. «Կա որոշակի ժամանակի դեֆիցիտ, հայտարարվել են ժամկետներ, որպես վերջնաժամկետ ինագուրացիայի օրն է նշվել, իսկ հասարակությունը մինչ այդ ժամկետը սպասելիքներ ունի: Կարծում եմ՝ Ր. Հովհաննիսյանը, հաշվի առնելով դա և այն, որ իշխանությունները կարծես թե չեն ցանկանում ընդառաջ գնալ ընդդիմադիր հանրության պահանջներին և նույնիսկ սկսել են դիմել որոշակի սադրանքների, դիմեց ժողովրդի գիտակցության վրա ազդելու ամենաազդեցիկ քայլին»:
Ժողովրդի՞, թե՞ իշխանության գիտակցության վրա ազդելու՝ թերթը հարցեց նրան: «Կարծում եմ՝ ժողովրդի, որովհետև այդ դեպքում ժողովուրդն արդեն ճնշում կգործադրի իշխանությունների վրա: Հացադուլը պաքարն ավելի ուշադրության կենտրոնում կդարձնի, և հնարավոր է՝ պայքարին նոր լիցք հաղորդի, նպաստի նրան, որ այս կոնցեպցիայով տոգորված քաղաքացիները, քաղաքական, քաղաքացիական խմբերն ավելի ակտիվ գործողություններ իրականացնեն, և հասարակությունն ավելի կրավորական, հանդիսատեսի դերից դուրս գա, ակտիվ քաղաքացու դերակատարություն ստանձնի»,- նշեց Է. Վարդանյանը:









































