Հունաստանի պետական մասնավորեցման գործակալությունը (HRADF) աճուրդի է դրել պետությանը պատկանող 28 շինություն, այդ թվում նաև ՆԳ և Մշակույթի նախարարությունների և Աթենքի ոստկանության վարչության շենքերը: Այս շինություններն աճուրդի դնելու մասին հայտարարությունը հայտնվել է երկուշաբթի օրը գործակալության կայքում:
Վերը նշված շինություններից բացի՝ ցուցակում են նաև արդարադատության, առողջապահության և կրթության նախարարությունների, ազգային վիճակագրական կենտրոնի, ԶԼՄ-ների գլխավոր քարտուղարության, որոշ շրջանային ոստիկանական վարչությունների և հարկային տեսչությունների շենքերը:
Առաջին փուլում ներդրողները պետք է հաստատեն իրենց շահագրգռվածությունը, և ցուցանիշներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու երկրորդ փուլին, որից հետո նրանք պետք է ներկայացնեն ֆինանսական առաջարկությունները:
Հունաստանը վարկատուների առջև պարտավորվել է մասնավորեցումներից ընթացիկ տարում 2,6 միլիարդ եվրո ստանալ: Աճուրդի են դրվել նաև գազային կորպորացիան, վիճակախաղերի մենաշնորհը, երկաթուղային ճանապարհները, տարածաշրջանային նավահանգիստները և օդանավակայանները:








































