Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ընթացքում ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ պետք է ինտենսիվացնել ղարաբաղյան բանակցությունները: Ադրբեջանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկար բանակցությունների հաջողությունը հույս է ներշնչում, որ նման հաջողություն հնարավոր է նաև ղարաբաղյան խնդրում:
Լավրով-Մամեդյարով մոսկովյան հանդիպմանը նախորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններ նախ Վաշինգտոնում, հետո Մոսկվայում: Ըստ որում՝ Մոսկվայում խորհրդակցություններից հետո ռուսական «Վեդոմոստի» պարբերականին հարցազրույց տվեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի ու ԱՄՆ մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրապես համընկնում են, և սա այն ուղղությունը չէ, որտեղ ԱՄՆ-ը և Ռուսաստանը խնդիրներ ունեն:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացի երկու տասնամյակների ընթացքում նմանօրինակ հայտարարություններ, բանակցային նմանօրինակ ակտիվ փուլեր շատ անգամներ են եղել, հայտարարություններ են եղել բաց դռների կամ պատուհանների մասին, կողմերը իբր մոտ են եղել ինչ-որ բան ստորագրելուն, սակայն ամեն ինչ, ի վերջո, ավարտվել է ոչնչով: Մյուս կողմից, սակայն, մի բան հստակ է, որ այսօր առավել քան երբևէ լարված է իրավիճակը ռազմական առումով: Եվ սա միգուցե ստիպում է միջնորդ համանախագահներին ինչ-որ քայլեր ձեռնարկել ռազմական լարվածությունը թուլացնելու համար:
Սակայն սա, իհարկե, հարց է առաջացնում, թե ինչպիսին պետք է լինեն այդ քայլերը: Դրանք պետք է ենթադրեն կարգավորման գործընթացում որևէ համաձայնագրի ստորագրո՞ւմ, որը ինչ-որ բանով կբավարարի Ադրբեջանին և կմեղմի լարվածությունը, թե՞ Ադրբեջանին ուղղակի կհասկացնեն, որ ռազմական որևէ գործողություն կարող է կործանարար լինել Բաքվի համար, բերել խնդիրների, քանի որ համանախագահները այդ հարցում միասնական են:
Այն, որ Սերգեյ Լավրովը Մոսկվա է հրավիրել Մամեդյարովին և խոսել բանակցություններն ինտենսիվացնելու անհրաժեշտության մասին՝ վկայում է, որ կարծեք թե խնդիր կա Ադրբեջանին բացատրելու, որ պետք է բանակցել և գնալ Սարգսյան-Ալիև հանդիպման, որի կազմակերպման նպատակով շուտով տարածաշրջան կգան համանախագահները: Մյուս կողմից, սակայն, այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ է ստանալու Ադրբեջանը դրա դիմաց և ի՞նչ կլինի, եթե Բաքուն բարձր գին պահանջի՝ կսպառնան պատժե՞լ խելոք չմնալու համար, կտա՞ն այդ գինը, թե՞ կհամարեն ամեն ինչ տապալված և Ադրբեջանը կանցնի նոր սադրանքների: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այսօր չկան:
Մյուս կողմից՝ հետաքրքրական է այն, որ ղարաբաղյան բանակցություններն ակտիվանում են մի շրջանում, երբ Հայաստանում ակտիվանում են սահմանադրական քննարկումները: Արդյո՞ք կան որոշակի պատճառահետևանքային կապեր այստեղ՝ ևս դժվար է ասել: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հասարակության համար ապահովելով սահմանադրական բարեփոխումների թեման՝ իրեն փորձում է ապահովել ղարաբաղյան թեմայով ավելորդ ուշադրությունից: Մյուս կողմից՝ գուցե թե սահմանադրական բարեփոխումների թեմայով պատրաստվում է ղարաբաղյան գործընթացում անցանկալի թեմաներից ապահովագրվել, որոնց կարող է դիմագրավել Հայաստանում սահմանադրական գործընթացում որոշակի աղմկոտ զարգացումներ խթանելով և փորձելով այդ զարգացումները կիրառել ղարաբաղյան գործընթացում այնպես, ինչպես Բաղրամյան փողոցի զարգացումները փորձեց օգտագործել հայ-ռուսական հարաբերություններում:









































