Ոստիկանությունը մեղադրվում է սալաֆիական մահմեդականներին որպես պոտենցիալ վտանգի աղբյուր որակելու մեջ:
Երբ 33-ամյա Ադիլ Ռաջաբովը իր կնոջ եւ 4 երեխաների հետ տեղափոխվում էր Բաքու, թողնելով իր տունը, ծնողներին եւ ընկերներին, կարծում էր, որ միայն Ադրբեջանի մայրաքաղաքում կկարողանա շարունակել սալաֆիական Իսլամ դավանել:
Ադիլն իր կյանքի մեծ մասն անցկացրել էր Ադրբեջանի հյուսիսում գտնվող Զաքատալա շրջանում, որը հայտնի է իր լեռներով եւ բերրի հողերով. նա կարոտում է հայրենի շրջանը, սակայն չի ուզում վերադառնալ այնտեղ` իրեն սպասող խնդիրների պատճառով:
Որպես կանոն, երիտասարդ ընտանիքները տեղափոխվում են մայրաքաղաք աշխատանք եւ կրթություն ստանալու ակնկալիքով, սակայն Ռաջաբովի դեպքն այս առումով անսովոր է:
Նա կրթություն է ստացել Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքում եւ իրեն սալաֆիական Իսլամի` սուննի դավանանքի պահպանողական թեւի հետեւորդ է համարում: Ադրբեջանցիների մեծամասնությունը շիա դավանանքի հետեւորդներ են, սակայն երկրում նաեւ սուննի մահմեդականների մեծ համայնք կա:
Ռաջաբովը երկար մորուք ունի եւ կարճ տաբատ է կրում, այդ պատճառով նրան հաճախ «վահաբիստ» են կոչում. նախկին խորհրդային երկրներում այս նվաստացուցիչ տերմինն օգտագործվում էր պետության աջակցությունը վայելող իսլամական ինստիտուտներից դուրս համարվող մահմեդական դավանանքների կամ արմատական Իսլամի հետեւորդներին բնորոշելու համար:
«Արտաքին տեսքիս պատճառով ինձ հաճախ «վահաբիստ» են անվանում: Ոստիկանները եւ այլ մարդիկ ինձ վտանգավոր են համարում», – դժգոհում է նա:
Ռաջաբովի խոսքերով` վերջին 2 տարվա ընթացքում նա երեք անգամ հայտնվել է Զաքատալայի ոստիկանությունում, որտեղ նրան ամեն անգամ ստիպել են սափրել մորուքը:
Սակայն նրա պնդմամբ` սալաֆիական Իսլամի դավանողները ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում Ադրբեջանի համար:
«Մենք պարզապես հետեւում ենք Ղուրանին», – ասում է Ռաջաբովը:
Իշխանություններն, իրենց հերթին, հերքում են ջերմեռանդ մահմեդականներին հալածելու փաստը: Կրոնի հարցերով կառավարական հանձնաժողովի ավագ պաշտոնյաներից մեկի` Գունդուզ Իսմայիլովի խոսքերով, սալաֆիական մահմեդականներին ձերբակալում են միայն այն դեպքում, եթե նրանք հանցանք են գործել:
Այնուամենայնիվ, իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ ոստիկանության թիրախում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում Ռաջաբովի պես երիտասարդ հավատացյալները` ենթարկվելով հալածանքի, ձերբակալության եւ կտտանքների վտանգին:
«Վերջին տարիների ընթացքում մենք բազմաթիվ զանգեր ենք ստացել դավանանքի հիման վրա ոստիկանության հալածանքներին ենթարկված մարդկանցից: Եթե ձերբակալությունը կամ հարցաքննությունը ուղղակիորեն կապված չեն հանցանքի հետ, սակայն հիմնված են տվյալ անձի դավանած հավատքի վրա, ապա անօրինական են համարվում», – նշում է Բաքվի «Իրավական իրազեկություն» կենտրոնի տնօրեն Ինտիքամ Ալիեւը:
Գամետ Սուլեյմանովը երկրում սուննիների ամենամեծ համայնքի Աբու-Բաքր մզկիթի իմամն է Բաքվում: 2008 թվականին տեղի ունեցած պայթյունից հետո կառավարությունը փակեց մզկիթը, սակայն Սուլեյմանովը պնդում է, որ [սալաֆիական] համայնքի գործունեությունը վտանգ չի ներկայացնում. այն պարզապես կոչ է անում այլ մահմեդականներին ըստ արժանվույն հետեւել իրենց հավատքին: Նրա խոսքերով` «վահաբիստ» պիտակը նսեմացուցիչ է նրանց համար, ովքեր զբաղվում են այս ամենով:
«Հարցը Վահաբիզմի քարոզումը չէ: Սալաֆիզմը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ` նախքան Վահաբիզմի ի հայտ գալը», – ասում է Սուլեյմանովը, որի գնահատմամբ` Ադրբեջանում այսօր 10-20 հազար սալաֆիական մահմեդականության հետեւորդ կա:
1991-ին Խորհրդային Միության փլուզումից առ այսօր, շիա եւ սուննի դավանանքների ազդեցությունը նշանակալիորեն մեծացել է`անհանգստացնելով Ադրբեջանի իշխանություններին: Պետական մի շարք լրատվամիջոցների պարբերական հրապարակումների համաձայն` Ադրբեջանում կան որոշ կրոնական խմբավորումներ, որոնք կապ ունեն Ալ-Քայիդայի եւ այլ իսլամական ծայրահեղականն միավորումների հետ:
Պատմաբան Արիֆ Յունուսովը նշում է, որ սալաֆիզմը հետեւորդներ է ձեռք բերել Ադրբեջանում` ժողովրդականություն վայելելով հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր տառապում են աղքատության, աճող կոռուպցիայի եւ հանցագործությունների պայմաններում:
«Ընդհանրապես, Ադրբեջանի սալաֆիական մահմեդականները խաղաղ մարդիկ են, ոչ թե ծայրահեղական իսլամիստներ», – ասում է պատմաբանը:
Ադրբեջանի հյուսիսում սալաֆիական Իսլամի դավանողների հետ մեկտեղ հստակորեն առանձնանում է սուննի պահպանողականների խմբավորումը`Խավարիջ անվանմամբ: Սուլեյմանովի հետեւորդներից վերջիններս տարբերվում են նրանով, որ չեն ճանաչում Ադրբեջանի գործող իշխանությունների լեգիտիմությունը:
Վերլուծաբան Ռասիմ Մուսաբեյովի խոսքերով` իսլամիստական խմբավորումները մեծ սպառնալիք չեն ներկայացնում, սակայն ամեն դեպքում նրանց պետք է հետեւել:
«Եղել են դեպքեր, երբ այս կրոնական շարժման առանձին հետեւորդներ զինված հարձակումներ եւ ահաբեկչական ակտեր են իրականացրել… կրոնական մոլեռանդների եւ ծայրահեղականների ներկայացրած վտանգը չպետք է թերագնահատել», – ասում է նա:
Շահլա Սուլթանովա
Հեղինակը ազատ լրագրող է Ադրբեջանում:
Կովկասյան լրատու
8-ը ապրիլի, 2011թ.








































