Մեծ Բրիտանիայի կառավարությունը չորեքշաբթի օրը արհմիությունների համակարգը արմատապես փոփոխող օրինագիծ է մտցրել խորհրդարան:
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը և արհմիությունը այն կոչել են Մարգարեթ Թեթչերի ժամանակներից սկսած ամենածայրահեղ հակաարհմիութենական օրենսդրական նախագիծ:
Օրինագծի համաձայն՝ գործադուլի հանգեցնող յուրաքանչյուր քվեարկությանը պետք է մասնակցեն արհմիութենության անդամների ընդհանուր քանակի ավելի քան 50 տոկոսը: Իսկ եթե խոսքը այնպիսի կարևոր ոլորտների մասին է, ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը, հրշեջ ծառայությունը և երթևեկությունը, սահմանային հսկողությունը և էներգետիկան, բողոքի ակցիայի օգտին պետք է քվեարկեն 40 տոկոսից ոչ պակաս անդամներ:
Եթե արհմիության անդամները հավանություն տան բողոքի ակցիաներին, այն պետք է անցկացվի 4 ամսվա ընթացքում, որից հետո քվեարկությունը կորցնում է իր ուժը:
Օրինագծում տհաճ անակնկալ է սպասվում նաև Լեյբորիստական կուսակցությանը, որի զգալի մասի ֆինանսավորումը կատարվում է արհմիությունների անդամավճարների հաշվին: Օրինագծի ընդունումից հետո անդամավճարը պարտադիր չի լինի: Պահպանողականները առաջարկում են «հայելային» համակարգ մտցնել. Լեյբորիստներին հովանավորել ցանկացողները պետք է հայտարարեն իրենց ցանկության մասին:
Արհմիությունները արդեն արձագանքել են օրինագծին՝ հայտարարելով, որ այն « 30-ականների Գերմանիան է հիշեցնում», և որ այն գործադուլների անցկացումը գրեթե անհնարին է դարձնում:









































