Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական բողոքի հայաստանյան ծավալվող իրադարձությունների ֆոնին ոչ պակաս, իսկ միգուցե, և առավել ուշագրավ են ծավալվում իրադարձություններն այդ զարգացումների ռուսական արձագանքների կապակցությամբ: Հայաստանում, Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և ծավալված խնդիրն էլ պետք է լուծվի միայն իրավական շրջանակում: Այս հայտարարությանը նախորդել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե ուշադիր հետևում են Հայաստանի իրադարձություններին և հուսով են, որ ամեն ինչ կլինի բացառապես օրենքի շրջանակում: Եթե սրան գումարում ենք նաև այն, որ հայտարարություն է տարածել Հայաստանի էլցանցերի ռուս սեփականատեր Ինտեր ՌԱՈ ընկերությունը, որտեղ նշում է, որ չի խառնվում քաղաքականությանը և զբաղվում է բացառապես բիզնեսով, ապա պատկերը կամբողջանա և կդառնա շատ հետաքրքիր:
Փաստորեն, ստացվում է, որ Մոսկվան մի քանի պաշտոնական ինստանցիաներով անընդհատ շեշտում է խնդրի իրավական կարգավորման անհրաժեշտությունը, ամրագրում, որ խնդիրն իրավական է, բիզնես է, և ոչ մի դեպքում քաղաքականություն: Ռուսական պաշտոնական այս արձագանքից և անընդհատ իրավական շեշտադրումներից այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ինչ որ մեկը նրանց առաջ քաղաքական շեշտադրումներ է դնում, ինչին ի պատասխան էլ նրանք պնդում են, որ հարցադրումները պետք է լինեն միմիայն իրավական դաշտում: Ով է նման հարցադրումներ դնում, ոչ իրավական հարցադրումներ, որոնք էլ առիթ են ծառայում ռուսական պաշտոնական ատյաններին անընդհատ խոսել իրավականությունից դուրս չգալու, քաղաքական դաշտ չմտնելու մասին: Երևանում և հանրապետության քաղաքներում ծավալված բողոքի ակցիաները կարծեք, թե որևէ քաղաքական շեշտադրում, որևէ քաղաքական հարցադրում չեն պարունակել: Հետևաբար, ենթադրել կարելի է, որ քաղաքական հարցադրումները կարող են կատարվել այսպես ասած կուլիսային քաղաքականության ասպարեզում, և դա կարող էին անել Հայաստանի պաշտոնական շրջանակները: Եվ միգուցե դրա համար էլ Ռուսաստանի պաշտոնական շրջանակները հայտարարում են միանշանակ իրավական շրջանակում հարցերը քննարկելու անհրաժեշտության մասին, իսկ ռուսական պաշտոնական քարոզչամեքենան, նաև իշխանամերձ մի շարք գործիչներ հարցը քաղաքականացնում են, Երևանը հայտարարում են «ուկրաինական Մայդան»: Ռուսական այս իրարամերժ, առանց չափազանցության քարոզչական հիստերիան և խուճապը մեծ հաշվով, ըստ էության, անբացատրելի բնույթ են ստանում: Նույնիսկ հայաստանյան իշխանություններն ու իշխանական քարոզչությունն են ավելի հանգիստ, զուսպ, հավասարակշռված:
Չի բացառվում, որ ուկրաինական արշավից հետո ռուսական պաշտոնական քարոզչության համար իրադարձությունները նենգափոխելն անհաղթահարելի սովորություն է, անգամ եղանակի տեսության դեպքում, և բնականաբար, նույնն է Հայաստանի զարգացումների պայմաններում: Եթե լուրջ, ապա այս արձագանքներն իհարկե, աստիճանաբար առավել մտահոգիչ են դառնում, առաջին հերթին այն իմաստով, որ սրանք կարող են Ռուսաստանի ինչ-ինչ շահերի թելադրանքով խանգարել Հայաստանի քաղաքացիներին իրենց համար շատ ավելի պարզ ու հասարակ խնդրի, իրենց քաղաքացիական շահի սպասարկմանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի անհիմն թանկացման խնդրի լուծմանը հասնելուն: Ողջ խնդիրն ու մտահոգությունը այն է, թե արդյոք Ռուսաստանի քարոզչական ջղաձգումներն ընդամենն անզորության կամ սովորույթի խնդիր են, թե ինչ որ բանի քարոզչական նախապատրաստում, Հայաստանի քաղաքացիները պետք է աչալուրջ լինեն:









































