Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ սպառազինությունների մրցավազքի, սակայն պարտավոր է պաշտպանել իր դաշնակիցներին: Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները, մենք պահպանում ենք սպառազինության վերահսկողության մասին համաձայնագրերը: Մենք շարունակում ենք ձգտել Ռուսաստանի հետ էլ ավելի կառուցողական հարաբերությունների: ՆԱՏՕ-ի գծով բոլոր դաշնակիցները միակարծիք են, որ սպառազինության վերահսկողությունը կարևոր է: Մենք չենք ձգտում սպառազինությունների նոր մրցավազքի, սակայն պետք է ապահովենք մեր երկրների պաշտպանությունը և պետք է հարմարվենք, երբ դերեր են փոխվում»,- ասել է Սթոլթենբերգը:









































