Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) Տնտեսական խորհուրդը ուրբաթ օրը հաստատել է մի նախագիծ, որով նախատեսվում է ԱՊՀ տարածքում ստեղծել ազատ առևտրի գոտի: Այդ նախագիծը ներկայացվելու է ԱՊՀ կառավարությունների խորհրդի նիստին, որը կկայանա 2011 թ. մայիսին Մոսկվայում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
ԱՊՀ գործադիր կոմիտեի տվյալներով` պատրաստված փաստաթուղթը միտված է ազատականացնելու առևտուրը ԱՊՀ երկրների միջև: Այս փաստաթուղթը կփոխարինի երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների համակարգին, որ այսօր գործում է ԱՊՀ տարածքում: Նախատեսվում է, որ դրանով հնարավոր կլինի ավելացնել այն ապրանքների քանակը, որոնց նկատմամբ չեն կիրառվի ներմուծման տուրքեր:
«Ներմուծման տուրքերը նոր պայմանագրով նախատեսվում է ֆիքսել, որի ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր կլինի անցնել դրանք վերացնելու բանակցություններին»,- ասված է ԱՊՀ գործադիր կոմիտեի հաղորդագրության մեջ: