Այսօր քաղաքաշինության նախարար, իսկ 2012թ. Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այդ տարի սեպտեմբերին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե մայրաքաղաքում գտնվող և երկար ժամանակ անավարտ մնացած կիսակառույց խոշոր շինությունները աղճատում են քաղաքի տեսքը: Եվ որ այդ շինությունների սեփականատերերին ծանուցվել է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ քաղաքապետարան՝ այդ կիսակառույցներն ավարտին հասցնելու հետ կապված ծրագիրը ներկայացնելու և պայմանագիր կնքելու համար: Հակառակ պարագայում, ըստ Ն. Սարգսյանի, այդ անավարտ շինություններն ու դրանց տարածքները կճանաչվեն հանրային գերակա շահ և հետ կվերցվեն սեփականատերերից:
Ն. Սարգսյանի ներկայացրած կիսակառույցները 10-ն էին՝ «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ ԵրՃՇՊՀ-ին հարող տարածք (Տերյան փողոցի վերջնամաս)` 9951.64 քմ, նախկին Երիտասարդության պալատի տարածք, Սարալանջի 1, «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ` 3.0 հա, Գաֆեսճյան կենտրոն (Կասկադում), Կասկադի հետ միասին` 9.8 հա, Աբովյան 5/5 հասցեում («Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ)` 1857 քմ, «Սասնա Երկիր» ՍՊԸ, Հաղթանակ կամրջի մոտ գտնվող հողամասեր` 9000 քմ, «Վալենսիա» ՀՁ ՍՊ ընկերություն, Մարշալ Բաղրամյան պող. հ. 37 և հ. 39` 2750 քմ, «Դվին» հյուրանոց, Պարոնյան 40` 1.5 հա, Ավան` Աճառյան փողոցի մոտ, «Ալ Համռա Ռիել Իսթեյթ Դիվելոփմենթ ԼԼՍ» ընկերություն` 11 հա, կայարանամերձ հրապարակի մոտ` «Բիլդ» ՍՊԸ, 12487 քմ, և նախկին «Սևան» հյուրանոցի տարածք` «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերություն` 4000 քմ:
Այդ հայտարարությունից անցել է մոտ երեք տարի, Ն.Սարգսյանը փոխել է իր պաշտոնը: Եվ այդ հայտարարությունից հետո «Առաջին լրատվական»-ը մի քանի անգամ փորձել է նրանից ճշտել, թե ինչու այդ կիսակառույցները ավարտին չեն հասցվում կամ ապամոնտաժվում: Չէ՞ որ դրանք շարունակում են աղճատել մայրաքաղաքի Կենտրոնի տեսքը: Ն.Սարգսյանը ամեն անգամ ինչ-որ ժամկետ նշելով՝ հավաստիացրել է, որ գործը ավարտին կհասցնեն: Ժամկետներն անցել են, բայց այդ կիսակառույցների սեփականատերերն այդպես էլ անտեսում են նրա կամ քաղաքային իշխանությունների որոշումը:
Կենտրոնի կիսակառույցներից երկուսը պատկանում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին: Մեկը՝ Աբովյան 5/5 հասցեում պետք է հյուրանոց կառուցվեր, մյուսը՝ Օղակաձև այգում՝ Սայաթ Նովա-Խանջյան հատվածում, հսկայական սպորտային համալիր: Բայց երկուսն էլ արդեն 4-5 տարի է՝ ինչ կիսավարտ վիճակում են ու աղճատում են Երևանի կենտրոնի տեսքը: Ավելին՝ սպորտային համալիր կառուցելու համար ժամանակին այգու բազմաթիվ ծառեր հատվել են:

Եվս մեկ անգամ փորձեցինք Ն.Սարգսյանից ճշտել, թե, ի վերջո, հնարավո՞ր է, որ Գ.Ծառուկյանը և մյուս կիսակառույցների սեփականատերերը դրանք ավարտին հասցնեն, թե՞ դա արդեն անհույս գործ է:
– Պարոն Սարգսյան, փաստորեն, այդ տասը կիսակառույցների սեփականատերերն անտեսեցին Ձեր հայտարարություններն ու դրանք ավարտին չհասցրին:
– Ես հիմա նախարարի կարգավիճակով չեմ կարող այդ հարցին պատասխանել: Կարող եմ ասել, որ տեղյակ եմ բոլոր քայլերին, ինքս էլ ակտիվ մասնակից եմ, որ այդ կիսակառույցների հարցը լուծվի: Եվ այդ հարցով մենք արդեն որոշակի քայլեր արել ենք: Հիմա արդեն Երևանի քաղաքապետարանի հետ Ամիրյան փողոցի՝ հրապարակին հարող հատվածի կիսակառույցը սկսեց շինարարությունը: Մեկ-երկու օրից կհանդիպենք Սևան հյուրանոցի հարցի համար: Ես կարող եմ ասել, որ վարչապետն էլ է շատ ակտիվ, մենք բոլորս էլ ամեն ինչ անում ենք, որ հարցը լուծվի: Չենք ուզում դիմել ավելի ռեպրեսիվ քայլերի: Մի քայլ էլ ենք արել՝ Երևանի Փոքր կենտրոնի մասին օրենքի նախագիծ ենք մշակել, որը հիմա գտնվում է կառավարության օրակարգում, և կարծում եմ, ոչ ուշ քան թե երկու շաբաթ հետո գործադիրն այն կհաստատի և կուղարկի ԱԺ: Մինչև տարեվերջ խորհրդարանի կողմից կընդունվի օրինագիծը, որտեղ այդ խնդրին հստակ անդրադարձ կա: Այդ բոլոր կիսակառույցները, որոնք խաթարում են քաղաքի տեսքը և բացասական ազդեցություն են թողնում տուրիզմի զարգացման վրա, դրանց սեփականատերերի նկատմամբ այդ օրինագծով արդեն հստակ պատժամիջոցներ են սահմանված: Այսօր գոյություն ունեցող օրենսդրական դաշտը պահանջելու է, որ հարցը դատական ճանապարհով կարգավորվի, իսկ դա տևելու է տարիներ:
– Եթե վարչապետ Հովիկ Աբրահամյանը ակտիվ է, ինչո՞ւ չի հորդորում իր խնամի Գագիկ Ծառուկյանին, որ այդ երկու կիսակառույցներն ավարտին հասցնի:
– Իսկ ի՞նչ գիտեք, որ չի հորդորում, և չեն աշխատում այդ ուղղությամբ: Ես տեղյակ եմ, որ վերջերս սեփականատերը դիմել է քաղաքապետարան, ստացել է ճարտարապետական առաջադրանքը, որը ժամկետով է տրվում, և այդ հարցը քննարկվում է:
– Եթե վարչապետը շահագրգիռ է, որ այդ կիսակառույցներն ավարտին հասցվեն, ուրեմն Գ.Ծառուկյանը չի համաձայնում:
– Ինչի՞ց եք ենթադրում, որ Ծառուկյանը չի համաձայնում:
– Որովհետև շինարարությունը սկսվել ու տարիներ շարունակ անավարտ է թողնվել:
– Տնտեսական ճգնաժամ է եղել, և տարբեր մարդիկ չեն կարողացել այդ աշխատանքներն ավարտին հասցնել: Ես տեղյակ եմ, որ նրանք դիմել են և քաղաքապետարանից վերջերս ստացել են առաջադրանքը: Ժամկետը լրացրել է, և այս պահին նախագիծ է քննարկվում:
– Տնտեսական ճգնաժամը չխանգարեց, որ Գ.Ծառուկյանը կառուցեր Փարավոն խաղատների և զվարճությունների հսկայական համալիրը: Ինչո՞ւ քաղաքային իշխանությունները, նաև Դուք չստիպեցիք, որ նախ ավարտին հասցներ այդ կիսակառույցները, թե՞ նա ավելի ուժեղ է:
– Չեմ ուզում մտնել այդ դաշտը:








































