Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ապրիլի 11-ից ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման մոնիթորինգ է ընթանում: Առավել անաչառություն ապահովելու նպատակով երթուղիներ սպասարկող ընկերությունները մոնիթորինգի վերաբերյալ նախօրոք չեն տեղեկացվել։ Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանսիե աշխատակիցներից բացի, դիտարկմանը մասնակցում է նաև Երևանի ճարտարագիտական համալսարանի, Արհեստագործական համար 1 ուսումնարանի և Արդյունաբերական քոլեջի 60 ուսանող։
Մոնիթորինգի նախնական արդյունքներն ամփոփելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ապրիլի 14–ին հանդիպել է երթուղիներ սպասարկող ընկերությունների տնօրեններին։ Հանդիպման ընթացքում նշվել են բոլոր այն թերությունները, որոնք արձանագրվել են շրջայցերի ժամանակ: Խախտումներ կատարած ընկերությունների տնօրենները խստորեն նախազգուշացվել են և, թերությունները շտկելու համար սահմանվել են ժամկետներ:
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ընդգծել է, որ մոնիթորինգի վերջնական արդյունքների վերլուծությունը հիմք կհանդիսանա երթուղիները սպասարկող կազմակերպությունների պայմանագրային պարտականությունների կատարման և երթուղիների սպասարկման մակարդակը գնահատելու համար: Թերացող ընկերություններն, ըստ վարչության պետի, անվստահելի գործընկեր կճանաչվեն և, բնականաբար, կտրուկ կնվազեն մրցույթում հաղթելու նրանց հնարավորությունները։
Մոնիթորինգի առաջին շաբաթվա միջին վիճակագրությամբ ամենաշատ խախտումներ արձանագրվել են շարժակազմերի արտաքին տեսքի ու անբավարար մաքրություն մասով։ Արձանագրվել են դեպքեր, երբ վարորդները կանգառումները խախտումներով են կատարել՝ շատ դեպքերում վնասելով կանգառները փողոցի բանուկ մասից սահմանազատող ռետինե բարձիկները: Հենրիկ Նավասարդյանի տեղեկացմամբ, ի դեպ, նման բարձիկներ նախատեսվում է տեղադրել մայրաքաղաքի շուրջ 200 կանգառներում: Դիտարկուման արդյունքներով հիմնականում արձանագրվել է մեքենաների սանիտարական և վարորդների արտահագուստի անբավարար վիճակը։ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն առավել մտահոգիչ է գնահատել երթուղիների սպասարկման շարժման միջակայքը (ինտերվալը)՝ մեկ առ մեկ թվարկելով այս առումով թերացած երթուղիները։
Երթուղիներն սպասարկող ընկերությունների տնօրեններին տեղեկացնելով, որ շուտով պատրաստ կլինի մայրաքաղաքի երթուղիների նոր ցանցը, տրանսպորտի վարչության պետը նշելէ, որ դրանում նախապատվությունը տրված է միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներին: Ներկրվող ավտոբուսի մակնիշի, գույնի ընտրության մեջ տնտեսվարող սուբյեկտները ազատ են, իսկ նախընտրելի չափորոշիչներն են՝ 2.4 մետր լայնություն, 7,5 մետրից ոչ պակաս երկարություն, 50-60 ուղևոր տարողություն: Այսպիսի չափորոշիչներն ապահովող ավտոբուսային պարկով ընկերությունները, համաձայն ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3–ի թ.327–Ն որոշման, մրցույթում հաղթելու դեպքում երթուղիները կարող են սպասարկել մինչև 10 տարի ժամկետով։
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կատարվող՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկման մոնիտորինգը իրականացվելու է շարունակական հետևողականությամբ է և յուրաքանչյուր շաբաթվա արդյունքների ամփոփումը ներկայացվելու է զանգվածային լրատվամիջոցներով:








































