Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով ասել, թե ինչ է արել կառավարությունը փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո: Փաշինյանը հիշեցրեց, որ նախագահը հորդորել էր ստուգել Ծառուկյանի տնտեսական գործունեությունը, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ համաձայնվելով այդ հորդորի հետ՝ ասել էր, որ կօգտագործի վարչական լծակները ստուգումներ կազմակերպելու համար, և նույնիսկ խոստացել էր մի քանի անգամից չհասկացողներին բամփել: «Հիմա ի՞նչ եղավ՝ բամփեցի՞ք, թե՞ չբամփեցիք»,- հետաքրքրվեց պատգամավոր Փաշինյանը:
Մինչ Փաշինյանը հարց էր ուղղում վարչապետ Աբրահամյանին, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը իր մոտ կանչեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին, ով Փաշինյանից հետո հերթագրվել էր կառավարությանը հարց տալու համար, և ինչ-որ ցուցումներ տվեց: Էնֆիաջյանը, մինչև իր հարցը տալը, Զոհրաբյանի ցուցումով անդրադարձավ Փաշինյանի հարցին: «Խորհուրդ չեմ տալիս որևիցե մեկին Գագիկ Ծառուկյանի անձի ֆոնի վրա կայանալ, ինքնակայանալ: Ես հորդորում եմ այլևս Գագիկ Ծառուկյանի անձի, բարի համբավի հետ կապված որևիցե քննարկում, վերլուծություն այս բարձր ամբիոնից չանել՝ երկրում ծառացած խնդիրները թողած»,- հայտարարեց Էնֆիաջյանը:
ԲՀԿ նոր նախագահի կամ խմբակցության քարտուղարի ինչին է պետք ցույց տալ, որ իրենք շարունակում են մնալ Ծառուկյանի պաշտպանները և Ծառուկյանի հասցեին ուղղված ցանկացած քննադատություն կամ ընդհանրապես ցանկացած խոսք համարում են վիրավորանք սեփական անձի նկատմամբ: Ի վերջո, Ծառուկյանը այլևս ոչ միայն ԲՀԿ նախագահը չէ, այլ նույնիսկ այդ կուսակցության անդամ չէ: Ծառուկյանը մամուլի ծառայություն ունի, և այդ ծառայությունը կարող է պատասխանել նրա հասցեին ուղղված քննադատությանը, եթե հարկ համարի:
Պատճառը թերևս հոգեբանական է, և՛ Նաիրա Զոհրաբյանը, և՛ Վահե Էնֆիաջյանը իներցիայով Ծառուկյանին համարում են իրենց հոգևոր հայրը և նույն այդ իներցիայով համարում են, որ իրենք պարտավոր են արձագանքել Ծառուկյանի հասցեին հնչեցված ցանկացած խոսքի՝ այնպես, ինչպես դա կանեին մինչև փետրվարի 12-ը կամ մարտի 5-ը, երբ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը լքում է ԲՀԿ-ն և քաղաքականությունը:
Բացի իներցիայից, կարող է լինել այլ բացատրություն ևս: Զոհրաբյանը և բոլոր ԲՀԿ-ականները տեսնում են, որ Ծառուկյանը հետևողականորեն վերադառնում է քաղաքականություն, և իշխանությունը ոչ միայն չի խոչընդոտում Ծառուկյանի վերադարձը, այլ ընդհակառակը՝ համակողմանիորեն օգնում է, որ այդ վերադարձը լինի շռնդալից: ԲՀԿ-ականները վախենում են, որ իշխանության հետ իր հարաբերությունները կարգավորած Ծառուկյանը կարող է վրեժխնդիր լինել իր նախկին կուսակիցներից, ովքեր իր հեռանալուց հետո մոռացան իրեն: Եվ որպեսզի դա տեղի չունենա, հիմա նրանք ուզում են ասել, որ շարունակում են Ծառուկյանին ընդունել որպես ԲՀԿ-ի հայր, և ինչպես ցանկացած զավակ իրեն պարտավորված է զգում պաշտպանել իր հոր հեղինակությունը, այնպես էլ իրենք չեն ուրացել իրենց հորը և պատրաստ են լինել նրա հեղինակության և բարի համբավի պաշտպանները:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































