Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Աբովյանի ոստիկանությունը բերման է ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Հարությունյանին (Պալաչ), սակայն վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց լուրը՝ նշելով, որ ինքն էլ է անակնկալի եկել՝ կարդալուվ իրեն բերման ենթարկելու մասին լուրերը:
Արթուր Հարությունյանը, սակայն, նշեց, որ այսօր առավոտյան Աբովյանի ոստիկանապետը կանգնեցրել է իր մեքենան, որում եղել են ինքը, եղբայրը, ևս երկու հոգի: Ոստիկանները, առանց որևէ բացատրության, ոստիկանական բաժին են տարել Արթուր Հարությունյնաի եղբորը և մյուս երկու քաղաքացիներին:
«Ես հույս ունեմ, որ ոստիկանությունը հնարավորինս արագ օրենքի շրջանակներում հարցին լուծում կտա և կպարզաբանի, թե ինչ հիմնավորմամբ է ինձ հետ եղած անձանց տարել բաժին»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հույս ունի, որ այս ամենը կապված չէ նախընտրական պրոցեսների հետ:
Նշենք, որ երեկ էլ լուրեր էին տարածվել, թե Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն ծեծի է ենթարկել Արթուր Հարությունյանին, ինչը ևս քիչ անց հերքվեց:
Արթուր Հարությունյանը այս ամենը համարում է էժանագին քայլեր, որոնք կազմակերպվում են մեկ կետից:









































