Ամուսնության գործակալությունների միջոցով ընտանիք կազմող մարդկանց թիվը գնալով աճում է: Եթե 2009 թ. «Հանդիպում» ընտանիքի և ամուսնության կենտրոնին դիմել է 1000 մարդ, ապա այսօր նրանց թիվը 4000 է,- տեղեկացնում է կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը:
«Մեզ դիմում են 17-80 տարեկան մարդիկ, որոնց կյանքը այս կամ այն պատճառով չի դասավորվել, և ովքեր ցանկանում են ընտանիք կազմել»,- ասում է տիկին Մարտոյանը: Ընտանիքի և ամուսնության կենտրոնին դիմում են մեծ մասամբ կանայք, 4000 գրանցվածներից 3000-ը կին են, որոնց մեծ մասը` 35-40 տարեկան: Տղամարդ այցելուները հիմնականում 55-ն անց են:
«Շատ կարևոր է ընտանիքի նախապես պլանավորումը: Այդ առումով կարևոր է նման ամուսնական գործակալությունների ինստիտուտի հիմնումը: Ընտանիք կազմելուց առաջ պետք է նախ իմանալ, որքանով է համատեղելի զույգը թե՛ սոցիալական, թե՛ հոգեբանական և թե՛, առաջին հերթին, ֆիզիոլոգիական առումով»,- շեշտում է հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
«Հանդիպում» կենտրոնին դիմողները, վճարելով 10500 դրամ, լրացնում են իրենց մասին պատմող հարցաթերթիկ, որտեղ նշում են իրենց նախասիրությունները և սպասելիքները ապագա ամուսնուց: «Վերջերս մարդիկ շատ են առաջնորդվում հորոսկոպներով: Իրենց անձնական տվյալներում նշում են նաև հորոսկոպի նշանը և կարևորում են համատեղելիությունը` ըստ հորոսկոպի»,- ասում է Նարե Մարտոյանը:
«Հանդիպում» կենտրոնի միջոցով վերջին եռամյսակում 22 ընտանիք է կազմվել:







































