Ամերիկյան հեղինակավոր National Geographic ամսագիրը Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո անդրադառնում է աշխարհի այլ մասերում շահագործման մեջ գտնվող ատոմակայաններին և գնահատում նրանց վտանգավորության աստիճանը: Ամսագրի հեղինակները նշում են, որ ճապոնական աղետից հետո Հայաստանի կառավարության առաջ նոր հարցեր են դրվում Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ:
Նշվում է, որ 7 տարի առաջ Եվրամիությունն այս ատոմակայանը որակեց որպես «տարածաշրջանային վտանգ», որի համար Հայաստանի կառավարությանն առաջարկեց 200 մլն եվրո, որից հետագայում ՀՀ կառավարությունը հրաժարվեց: Դրա փոխարեն հիմա գոյություն ունեցող ատոմակայանը նորով փոխարինելու աշխատանքներ են իրականացվում:
Նշելով, որ Հայաստանն իր էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը ստանում է այս ատոմակայնից, ամսագիրը նշում է, որ Հայաստանի ժողովուրդը համեմատական է անցկացնում գոյություն ունեցող վտանգների և էլեկտրաէներգիայի անջատումների միջև, որոնք կարող են տեղի ունենալ ատոմակայանը փակելուց հետո` ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը լուրջ կարևորություն է տալիս այս ատոմակայանին նաև այն պատճառով, որ մեծապես կախված է էներգիայի այս աղբյուրից` նկատի ունենալով հակամարտությունները հարևանների հետ:
Այնուհետև ներկայացվել է ատոմակայանի փակման պատմությունը 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո, և դրա բացման անհրաժեշտությունն ու գործընթացը 1990-ականների կեսերին:









































