Չինական «Շանհայ Շենհուա» ակումբը զրկվել է 2003 թվականի չեմպիոնի տիտղոսից` չինական ֆուտբոլում պայմանավորված խաղերի հետաքննության արդյունքում:
Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2 նախկին ղեկավարները ցմահ հեռացված են ֆուտբոլից: Նան Յունն ավելի վաղ 10.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել` 1.48 մլն յուան ընդհանուր գումարով կաշառք վերցնելու պատճառով: Տարբեր պատժամիջոցներ են կիրառվել 58 մարդու նկատմամբ, այդ թվում՝ Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բարձրաստիճան չինովնիկների և մրցավարների. 33-ը ցմահ որակազրկվել են:
«Շանհայ Շենհուա»-ն, որը լքել են Դիդիե Դրոգբան և Նիկոլյա Անելկան, բացի տիտղոսից զրկվելուց՝ 1 մլն յուան տուգանք կվճարի և կսկսի առաջիկա մրցաշրջանը -6 միավորով: Նմանատիպ պատժամիջոց կկիրառվի նաև «Տյանցզին Տեդա» ակումբի նկատմամբ: Որոշ ակումբների նկատմամբ որպես պատժամիջոց կիրառվել է միայն միավորների նվազեցումը:



































