Բրիտանական լեգենդար The Beatles խմբի լիդերին սպանողի՝ Մարկ Դևիդ Չեպմենի նամանները Նյու Յորքի ոստիկան Սթիվեն Սփիրոյին, որը նրան ձերբակալել է 1980-ի դեկտեմբերի 8-ին հանցանքը գործելուց հետո, երկուշաբթի օրը վաճառքի են հանվել 75,000 դոլարով: Աճուրդը կազմակերպել է ամերիկյան Moments In Time աճուրդի տունը,- հայտնում է ITAR-TASS-ը:
Բոլոր նամակները Չեպմենը գրել է 1983-ին՝ այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել ու դատապարտվել ցմահ բանտարկության:
Նամակներց մեկում Չեպմենը գրել է, որ ուզում է դառնալ Սփիրոյի ընկերը, նրան խնդրում է օգնել իրեն գտնել Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին» գիրքը, որը ձերբակալության պահին նրա մոտ է եղել:
Սփիրոն պատմել է, որ ինքը պատասխանել է Չեպմենի նամակներին՝ հուսալով, որ նա կասի սպանության պատճառները կամ տեղեկություն կտա իր հնարավոր հանցակիցների մասին: Սակայն հետո նամակագրությունը կտրուկ ընդհատվել է. ինչ-որ մեկը Չեպմենին խորհուրդ է տվել այլևս չգրել ոստիկանին:
57-ամյա Չեպմենը շարունակում է իր պատիժը կրել Նյու Յորք նահանգի Վենդե խիստ ռեժիմի բանտում:









































