Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/08 ընտրատեղամասում այսօր արտակարգ դեպք գրանցվեց: Օհանովի 14/20 հասցեի բնակչուհի Անահիտ Գեղամյանը տեղեկացրեց, որ իր տան հասցեում բնակվում են ինքը, ամուսինը և տիկին Սիլվան, բայց գրանցված են ևս վեց անհայտ անձինք:
« Մեր տունն իր տեղում է , բայց գրանցված անձինք մեր տան անդամները չեն: Խնդրում եմ հենց հիմա ճշտեք: Վերջում երեկոյան այդ անձինք կքվեարկեն ժամը 8-ից հետո, խնդրում եմ հենց հիմա արձանագրություն կազմեք, ես բողոքում եմ, տան տերը ես եմ: Տան վրա գրանցված է ևս 6 մարդ: Ուզում եմ իմանամ ՝ ովքեր են գրանցվածները, մինչ այդ չեմ իմացել, ես իմ տան վրա գիտեմ ովքեր են գրանցված: Նոր աղջկաս տնից եմ գալիս, երեք անձ էլ այնտեղ էր գրանցված: Մինչև երբ կարելի է, պետք է սովորեն այս մարդիկ, որ ընտրությունը գաղտնի է, ընտրությունն անում է միայն տան տերը, ոչ թե կողմնակի մարդիկ, ում գրանցել եք: Ամոթա, հետո ազատ, արդար ընտրություն եք ուզում»,- բողոք հայտնեց Անահիտ Գեղամյանը: 7/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարապետյանն Էմիլը բարկացավ բնակչուհու վրա, հորդորելով գնալ ընտրատարածքային հանձնաժողով և բողոքել: « Գնացեք ոստիկանություն և բողոքեք: Մի խանգարեք այլոց»,- ասաց նա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա պարզաբանեց, թե ինչու է բարկացել, ասելով, որ նման բան չէր եղել այսօր: Ըստ նրա՝ առավոտից մինչ այդ պահը որևէ խախտում և մտահոգություն չէր եղել: Բնակչուհին ընտրատեղամասից դուրս էլ վեճի բռնվեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձի հետ, ով կնոջտ փորձեց հավաստիացնել, որ որևէ մեկն այդ գրանցված անձանց փոխարեն չի քվեարկելու:
Մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութի միջոցով:









































