Վրաստանի արտաքին պարտքը ներկայում կազմում է 4 մլրդ 386.3 մլն դոլար: Երկրի ֆինանսների նախարարության տվյալներով՝ կառավարության արտաքին պարտքերը կազմում են 4 միլիարդ 27 միլիոն 645 հազար դոլար: Այս մասին հայտնում է RBK-ն:
Երկկողմ վարկատու պետություններին (այդպիսիք 17-ն են) Վրաստանը պարտք է 746.03 մլն դոլար: Վրաստանը Ռուսաստանին պարտք է 106 մլն 341 հազար դոլար, Գերմանիային՝ 341 մլն 26 հազար դոլար, Ճապոնիային՝ 80 մլն 823 հազար դոլար, ԱՄՆ-ին՝ 32 մլն 139 հազար դոլար, Թուրքիային՝ 24 մլն 775 հազար դոլար և այլն:
Վրաստանի ամենախոշոր վարկատուներն են միջազգային ֆինանսական ինստիտուտները: Նրանց առջև երկրի պարտքը կազմում է 2 մլրդ 713 մլն 717 հազար դոլար: Ըստ այդմ՝ Վրաստանը Համաշխարհային բանկին պետք է վճարի 1 մլրդ 302 մլն դոլար, Զարգացման ասիական բանկին՝ 426 մլն 410 հազար դոլար, Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 385 մլն 316 հազար դոլար, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին՝ 354 մլն 504 հազար դոլար, Եվրոպական ներդրումային բանկին՝ 117 մլն 884 հազար դոլար, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ 103 մլն 953 հազար դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին՝ 24 մլն 527 հազար դոլար:
Արտաքին պարտքի ընդհանուր գումարից 358 մլն 670 հազարը բաժին է ընկնում ազգային բանկին: Բացի այդ, Վրաստանը 565 մլն դոլարի եվրոպարտատոմսեր է թողարկել:









































